30/11/2025
Հայկական ֆուտբոլի փակուղին. քանի դեռ գիտությունը չի ինտեգրվել:
Հայկական ֆուտբոլը տարիներ շարունակ խրված է նույն խնդիրների մեջ։ Հաղթանակների պարգևած կարճատև ոգևորությունը, մոտ երկու տասնամյակ անընդհատ կրկնվող բարեփոխումների խոստումները և արտասահմանից հրավիրած մասնագետների արագ հերթափոխը չեն վերածվում համակարգային լուծման։ Գլխավոր պատճառը պարզ է՝ ֆուտբոլում արդեն վաղուց հաղթում են նրանք, ովքեր գիտությունն ու տվյալահեն մոտեցումը դարձրել են մարզական մշակույթի անկյունաքար, մինչդեռ Հայաստանում…
Հայկական ֆուտբոլն ու գիտությունը՝ երկու զուգահեռ, որոնք չեն հատվում
Ժամանակակից ֆուտբոլում լուրջ արդյունքներ գրանցվում են ոչ միայն դաշտում` արագությամբ կամ տեխնիկայով, այլ ճիշտ կազմված մարզումային ցիկլով (ենթադրենք այդպես է), ֆիզիոլոգիական չափումներով, սննդակարգով, վերականգնման վերահսկվող գործընթացով, կենսամեխանիկական թեստավորումներով և վերլուծություններով։ Հայաստանում այս ամենը կա միայն մասնակի և չհամակարգված։ Արդյոք ունե ՞ նք համապատասխան մարդկային ռեսուրսներ շտկելու իրավիճակը, հավանաբար` ոչ:
Մարզիկի օրվա գրաֆիկում պետք է նույնքան կարևոր լինեն քունը, սննդակարգը, վերականգնումը, որքան տեխնիկատակտիկական վարժությունները։ Բայց մեր ակումբներից շատերում այս մոտեցումները կամ ձևական են, կամ ընդհանրապես չկան։
Արդյունքում՝ խաղացողի աճը երբեք ամբողջական և հավասարաչափ չի լինում․ մանավանդ անցումային տարիքից հետո:
Վերականգնումը՝ որպես ամենաթույլ և ամենաանտեսված օղակ
Հայաստանում մարզումից հետո վերականգնման մշակույթը դեռևս չի ընկալվում որպես մարզման շարունակություն, մինչդեռ ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մեջ վերականգնման որակը որոշում է մկանային հյուսվածքի սինթեզը (MPS), վնասվածքների ռիսկը և, ամենակարևորը, մարզիկի աշխատանքի արդյունավետությունը։ Մկանների տոնուսը կարող է ընկնել ինչպես գերծանրաբեռնվածության արդյունքում, այդպես էլ կոնկրետ մկանի չաշխատելու` հիպոտոնիայի պատճառով (տվյալ դեպքում, հիմանակնում անտագոնիստի): Սրանք հանգեցնում են`
• Վնասվածքների
• Դիմացկունության (նաև մտավոր) պակասի
• Տոկունության (endurance) և տոնուսի (աշխատունակություն ճնշման տակ) պակասի
• Շարժունակության (mobility) պակասի
Սննդակարգ. երբ պետք է հաշվի առնել մեր գենետիկան
Հայերի շրջանում բավական բարձր է լակտոզի անհանդուրժողականության (ստուգվողների 20%-ը) և գլուտենի նկատմամբ զգայունության ցուցանիշը, որն ուղղակիորեն ազդում է՝
• դիմացկունության մակարդակի,
• մկանների վերականգնման,
• բորբոքային պրոցեսների արագ հաղթահարման վրա։
Կոնկրետ լակտոզի անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, որը կարող է անգամ մարզիկի մտքով չանցնել, եթե համապատասխան լաբորատոր հետազոտություն չանցկացվի: Այսինքն, զուտ «առողջ սնունդ» ապահովելը բավարար չէ, անհրաժեշտ է անհատական մոտեցում։
Անցումային տարիք. երբ մենք կորցնում ենք տաղանդներին
Հայտնի է, որ 14–17 տարեկանում սկսվում է անհատի ֆիզիկական և կենսաբանական զարգացման նոր փուլը։ Եվրոպայում այդ տարիքում ֆուտբոլիստների հետ աշխատում են մասնագիտական տարբեր թիմեր՝ աճի փուլերի վերլուծության համար`
• ուժի և տոկունության մասնագետ,
• սննդաբանի մշտական վերահսկում, բիոհավելումների կիրառում,
• սթրեսի և ծանրաբեռնվածության չափում,
• ֆիզիոթերապևտ / կինեզիստ, մկանային թեստավորում:
Հայաստանում այս ամենը կա միայն մասնավոր դեպքերում, բայց ոչ որպես համակարգ։ Արդյունքում՝ մեր երիտասարդները գրեթե միշտ ֆիզիկապես զիջում են իրենց եվրոպացի հասակակիցներին։
Ուժի, դիմացկունության, կենտրոնացվածության տարբերությունը շատ դեպքերում ոչ թե բխում է «գենետիկա» ասվածից, այլ այն հաշվի չառնելուց:
Արտասահմանցի մասնագետները գալիս են ու գնում. համակարգը մնում է նույնը
Վերջին տարիներին հայկական ակումբներն ու ֆեդերացիան պարբերաբար հրավիրել են արտասահմանցի մարզիչներ ու մասնագետներ, որոնք աշխատում են 1–2 տարի, բախվում համակարգային խնդիրներին և հեռանում։
Մինչդեռ արդյունքի համար հարկավոր է երկարաժամկետ ծրագիր, որը պետք է ներառի՝
• ակադեմիաների միասնական ստանդարտներ (ակումբները երբեք չեն հետևել),
• ֆիզիկական մարզման ազգային մոդել (ունենք մասնագետների խիստ պակաս),
• վնասվածքների կանխարգելման և վերականգնման գիտահեն մոտեցում,
• սննդային և բժշկական համակարգված մոտեցում,
• մարզիչների բազմակողմանի կրթության մոդել։
Սա այն է, ինչ ստեղծել են խորվաթները, իսլանդացիները, սերբերը…
Եզրակացություն. փոփոխությունը չի սկսվում դաշտից, այլ մտքից ու լաբորատորիայից: Եթե մենք չենք ընդունում այս իրականությունը, ապա շարունակելու ենք զիջել ոչ միայն եվրոպացիներին, այլև բոլոր հարևաններին